կարևոր
1222 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 15:01

Ռազմական դրության ընթացքում արգելված հրապարակումների համար պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ

Ռազմական դրության ընթացքում արգելված հրապարակումների համար պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ

Հայաստանում ռազմական դրության ընթացքում արգելված հրապարակումների համար ոստիկանությունը պատասխանատվության է ենթարկել 148 լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտի և 183` լրատվական գործունեություն չիրականացնողի: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասել է Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին:

Մկրտչյանը նկատել է, որ պատերազմական իրավիճակում թիկունքում ջլատում մտցնելը «ստորություն և նենգություն է, սակայն դրանք իրավական կատեգորիա չեն»: Նա հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք մարդիկ, լրատվամիջոցներ, որոնք այդ փորձերի, այդ հրապարակումների համար մինչ այդ որևէ պատասխանատվության ենթարկել են:

«Մինչև օրս Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածով նախատեսված զանցանքների համար պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ, որոնցից 148-ը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից, իսկ 183-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից հրապարակումների հետ կապված»,-ասել է Ֆիդանյանը: