կարևոր
1094 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 13:58

Արցախից տեղափոխված աշակերտների մի մասը դասապրոցեսը շարունակում է ՀՀ-ում. մանրամասնում է նախարարը

Արցախից տեղափոխված աշակերտների մի մասը դասապրոցեսը շարունակում է ՀՀ-ում. մանրամասնում է նախարարը

Արցախից տեղափոխված աշակերտների մի մասն արդեն դասապրոցեսը շարունակում է Հայաստանում, դասապրոցեսին չմիացածների համար դիտարկվում է հեռավար դասերի կազմակերպման հնարավորությունը: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Մենք դեռ ամբողջական պատկեր չունենք, թե աշակերտների որ մասն է կցված դպրոցներին, բայց ունենք տարբեր տեղերում ժամանակավոր բնակություն հաստատած աշակերտներ, որոնք արդեն միացել են այն ուսումնական հաստատություններին, որոնք մոտ են բնակության վայրին, որպեսզի ժամանակի անտեղի վատնում չլինի և դասապրոցեսները շարունակեն ինչպես հարկն է: ՀՀ-ում  մանկապարտեզները, դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, ԲՈՒՀ-երը իրենց դռներն են բացել Արցախից ժամանածների համար: Այս ամենին զուգահեռ, մենք ունենք ուսուցիչներ Արցախից, որոնք առցանց եղանակով արդեն սկսել և շարունակում են իրենց դասերը»,-ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ 2 շաբաթ աշնանային արձակուրդի երկարաձգման ժամանակահատվածում ուսումնասիրությունները հստակ պատկերացում կտան, թե Հայաստանում հաստատված աշակերտներից ովքեր ներգրավված չեն դասապրոցեսներում, որպեսզի կազմակերպեն նրանց գոնե առցանց ուսուցումը, որովհետև չեն կարող կրթության ընթացքը դադարեցնել:

Ըստ Լուսինե Ղարախանյանի՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում կան  ավերված 61 դպրոց,10 մանկապարտեզ, մոտ մեկ տասնյակին հասնող մշակութային տներ: «Ավերվել են նաև Արցախում գործող թանգարաններից երկուսը, վնասվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, Գոհար տիկնոջ մզկիթը: Դպրոցներում ունենք ավերածություններ բառի բուն իմաստով, ունենք հրդեհված, հրետակոծված դպրոցներ, որոնց վերականգնումը երկար ժամանակ է պահանջելու և գնալով դրանց թիվն աճում է»,-նշել է նախարարը:

Պատերազմական այս իրավիճակում անգամ սփյուռքից բարերարներ, մտավորականներ կան, որոնք պարբերաբար զանգում և իրենց պատրաստակամությունն են հայտնում վերականգնելու, վերակառուցելու այս կամ այն շենք-շինությունը: «Այս առումով պատկերը հուսադրող է: Սակայն պատերազմի ավարտից հետո անհրաժեշտ է լինելու որոշ քաղաքներում և գյուղերում նորից կառուցել մշակույթի տներ՝ հիմնահատակ ավերված լինելու պատճառով, օրինակ Ասկերանում և Այգեստանում: Կան լրիվ ավերված և մասնակի ավերված շինություններ»,-ասել է Լուսինե Ղարախանյանը:

Նախարարը նշել է, որ հիասթափված է միջազգային հանրության «հանցավոր անտարբերությունից», նրանց ամենատես աչքի առաջ կոպտորեն խախտվում է մարդկանց կրթության իրավունքը, մշակույթի իրացման իրավունքը: «Ես նամակ էի գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որն այդպես էլ անպատասխան է մնացել մինչև այժմ: Մեկ այլ նամակ գրել եմ ՄԱԿ-ի կրթության իրավունքի գլխավոր զեկուցողին, որտեղ ներկայացրել եմ կրթության իրավունքի իրացման իրավիճակը,բայց էլի պատասխան չկա: Մեր ուսուցիչներն են զոհվում. ունենք դպրոցների զոհված տնօրեններ, զինղեկներ: Ես խորապես հիասթափված եմ և հույսս դնում եմ միայն ու միայն սահմանին կանգնած զինվորի վրա»,-ավելացրել է նախարարը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավվածությամբ պատերազմ է սկսել Արցախի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, խաղաղ բնակավայրեր, կիրառելով միջազգային նորմերով արգելված զենքեր: Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերին 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը հրադադարի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն ներթափանցման գրոհներ. հրետակոծել առաջնագիծը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Մարտակերտը, այլ քաղաքներ: Մեկ ամսից ավելի ձգվող պատերազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը քաղաքացիական անձանց շրջանում ունեցել է չորս տասնյակից ավելի զոհեր, կան բազմաթիվ վիրավորներ: Ստեփանակերտում հոկտեմբերի 28-ին հարվածների թիրախ է դարձել նաև ծննդատունը, Շուշիում՝ հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոց եկեղեցին, նոյեմբերի 1-ին՝ իրանական մզկիթը: