կարևոր
1086 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 13:49

Պետբյուջեի պակասուրդը հաջորդ տարի ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով. ԿԲ նախագահ

Պետբյուջեի պակասուրդը հաջորդ տարի ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով. ԿԲ նախագահ

Գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկմանը:

Գալստյանը նախ նշել է, որ կառավարության 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին, ըստ որոնց՝ շարունակվելու է համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքաականության սահուն կոնսոլիդացիայի և համարժեք դրամավարկային քաղաքականության իրականացումը:

Գալստյանը հիշեցրել է, որ համաձայն պետական բյուջեի հիմքում դրված սցենարի՝ 2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4.8 տոկոս մակարդակ, որը առաջարկի տեսանկյունից կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերի աճում: Համախառն պահանջարկը ևս կվերականգնվի՝ պայմանավորված թե ներքին սպառողական և թե ներդրումային ծախսերով, ինչպես նաև արտաքին պահանջարկի որոշակի վերականգնումով:

ԿԲ նախագահի խոսքով՝ 2020 թվական ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021 թվականի որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով: Ինչպես համավարակի, ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020 թվականի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ՝ կդիտվի ներուժային համախառն ներքին արդյունքի որոշակի կորուստ: Հետևաբար, 2021 թվականի համար ԿԲ-ն կարևորում է ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովումը:

«Այնուամենայնիվ, տնտեսության վերականգնումը չխաթարելու և մակրոտնտեսական կայունությանը նպաստելու նպատակով 2021 թվականին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա, այդ թվում ևս մեկ տարի օգտագործելով հարկաբյուջետային կանոնների համակարգով նախատեսված բացառիկ դեպքի կարգավորումը: Նշված քաղաքականության ներքո գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա»,- ասել է Գալստյանը:

ԿԲ-ն բյուջեի սահուն, ոչ թե կտրուկ կոնսոլիդացիան համարում է մակրոտնտեսական առումով խելամիտ: 2021 թվականին տնտեսության վերականգնմանն ու ստվերի կրճատմանն ուղղված վարչարարության շարունակական իրականացման արդյունքում գնահատվում է, որ 2021-ին հարկերը ՀՆԱ-ում կաճեն 0.6 տոկոսային կետով, արդյունքում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: