կարևոր
1373 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-02 09:49

Մզկիթները ԼՂ իշխանությունների առանձնահատուկ ուշադրության ներքո են. Նիկոլ Փաշինյանը՝ Al Jazeera-ին

Մզկիթները ԼՂ իշխանությունների առանձնահատուկ ուշադրության ներքո են. Նիկոլ Փաշինյանը՝ Al Jazeera-ին

Մզկիթները Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պահում են առանձնահատուկ ուշադրության ներքո։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 28-ին արաբական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե «Ադրբեջանցիները մեղադրում են ձեզ, որ դուք փոխել եք Ղարաբաղի ինքնությունը, ոչնչացրել եք գերեզմանները, մզկիթները, անունն եք փոխել՝ Արցախ կոչելով, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ գերեզմաններ չեն ոչնչացվել: «Վերջերս Լեռնային Ղարաբաղում ամենաբարձր ժամանակակից տեխնոլոգիաներով Շուշիում մզկիթ վերանորոգվեց: Եվ մզկիթները Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պահում են առանձնահատուկ ուշադրության ներքո: Եվ եթե Դուք գնաք Շուշի, կտեսնեք վերականգնված հոյակերտ մզկիթ, եթե, իհարկե, ադրբեջանցիները այն չեն հրթիռակոծել: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Որովհետև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հայկական եկեղեցին, թիրախային հրթիռային հարվածների արժանացավ և հիմա կիսավեր վիճակում է»,- նշել է նա:

Al Jazeera-ի թղթակիցը նկատել է, որ արդեն այցելել է Շուշի, տեսել է մզկիթը և նկարահանել: «Ադրբեջանը ձեզ մեղադրում է, որ դուք վերակառուցել եք և մզկիթի ինքնությունը փոխել եք՝ ոչ թե կրոնական, այլ պատմական առումով: Ըստ Ադրբեջանի՝ այն ուներ իր պատմական ինքնությունը» դիտարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է,  որ մզկիթը վերականգնվել է շիա հոգևորականների և մասնագետների հսկողության ներքո: «Եվ չէր կարող ուղղակի այլ կերպ լինել: Այսինքն՝ մուսուլման հոգևորականների, աստվածաբանների և մասնագետների հսկողության ներքո է այն վերականգնվել, նրանց խորհուրդներով և նրանց նախագծերով է վերականգնվել»,- ընդգծել է:

Պատասխանելով Al Jazeera-ի «ադրբեջանցինե՞ր են եղել» հարցին, Փաշինյանը կրկնել է, որ այդ ամենը տեղի է ունեցել մասնագետների հսկողության ներքո: Այդ մասնագետները Հայաստանից և Ղարաբաղից չեն եղել, նրանք եղել են արտերկրից: «Ես չեմ կարող ասել, որ ադրբեջանցիներ են եղել: Բայց, որքան գիտեմ - իմ գիտելիքները շատ մեծ չեն այդ բնագավառում, ցավոք - դա շիա ուղղության մզկիթ է, և շիա հոգևորականներ և մասնագետներ են, ովքեր մեր բարերարներին ուղղորդել են՝ մասնագետներ ներգրավվել և այդ վերականգնումն իրականացնել»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ինչի հետևանքով մասնակի վնասվել է համալիրը, վիրավորում է ստացել 3 ռուս լրագրող:

Իսկ ահա նոյեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի «Գրադ» և «Սմերչ» կայանքների հարվածի հետևանքով վնասվել է Շուշիի «Գոհար Աղա» իրանական մզկիթի պատը: