կարևոր
1686 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-01 23:09

Թուրքիան վարում է նաև դեպի հարավ Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականություն. Փաշինյան

Թուրքիան վարում է նաև դեպի հարավ Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կասկած չունի, որ եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպան և արաբական աշխարհը պատշաճ գնահատական չտան և պատշաճ չարձագանքեն Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ ստեղծված իրավիճակին, Թուրքիայի այդ քաղաքականությունը կտարածվի դեպի հարավ: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արաբական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Եվ ուրախ եմ, որ կան բազմաթիվ արաբական երկրներ, ովքեր ճշգրիտ են գնահատում աշխարհաքաղաքական իրավիճակը և իրականացնում են անհրաժեշտ քաղաքական կանխարգելման, ռազմավարական կանխարգելման քայլեր»,- շեշտել է ՀՀ վարչապետը:

Նրա գնահատմամբ՝ Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովում և Հարավային Կովկասում Թուրքիան վարում է Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականություն: «Եվ ես որևէ կասկած չունեմ, որ այն էքսպանսիան, որ հիմա փորձ է արվում իրականացնել դեպի Միջերկրական, Հարավային Կովկաս, Սիրիա, Իրաք, ամբողջ արաբական աշխարհը Թուրքիան դիտարկում է որպես պոտենցիալ Օսմանյան կայսրության հպատակ»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահություն է հայտնել, որ առանց Թուրքիայի հրահրման Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմ չէր սկսի: «Եվ կրկին ուզում եմ արձանագրել, որ Թուրքիան, արդեն իսկ միջազգայնորեն ընդունված փաստի հիման վրա, վարձկանների և ահաբեկիչների է վարձել և տեղափոխել հակամարտության գոտի: Թուրքական բարձրաստիճան զինվորականներն ընդգրկված են Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ, թուրքական զինուժը և ռազմական տեխնիկան ընդգրկված է Ղարաբաղի դեմ պատերազմի»,- նշել է վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա ամենևին պատահականություն չէ: