կարևոր
1183 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-01 18:16

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի հարաբերությունները պայմանավորում է մարդկանց հետ հարաբերություններով

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի հարաբերությունները պայմանավորում է մարդկանց հետ հարաբերություններով

Հայաստանի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված չեն հողի հետ հարաբերությունների հետ, այլ կապված են մարդկանց հետ հարաբերությունների հետ: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ի վեր հայեր են ապրել, և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայկական բնակչությունը միշտ եղել է 80 և ավելի տոկոս: Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հսկայական ժառանգություն կա՝ եկեղեցիներ, այլ կառույցներ՝ սկսած 5-րդ դարից: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղում:

«Մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված չեն հողի հետ հարաբերությունների հետ, այլ կապված են մարդկանց հետ հարաբերությունների հետ»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայությունը Խորհրդային միությունում ժողովրդավարացման գործընթացների համատեքստում փորձել է վերականգնել իր իրավունքները։ Վարչապետը պարզաբանել է, թե որ իրավունքի մասին է խոսքը. երբ Խորհրդային միությունը ձևավորվում էր, այդ ժամանակ 80 և ավելի տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի, և դա տեղի ունեցավ Ստալինի կամայական որոշման արդյունքում: Եվ երբ Խորհրդային միությունում ժողովրդավարացման գործընթացներ սկսվեցին, Լեռնային Ղարաբաղի հայերը փորձեցին խաղաղ քաղաքական ճանապարհով վերականգնել իրենց իրավունքները և վերամիավորվել Հայաստանի Հանրապետության հետ, ինչին Խորհրդային միությունը և Ադրբեջանը արձագանքեցին բռնություններով՝ մարդկանց նկատմամբ: «Եվ նկատի ունեմ, որ մեր հարաբերությունը կապված է մարդկանց հետ, այն մարդկանց, ովքեր ապրել են, ապրում են և պիտի ապրեն Ղարաբաղում»,- շեշտել է Փաշինյանը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը հետագայում։ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետություն, որտեղ կա ընտրված նախագահ, կա խորհրդարան, կան պետական կառավարման մարմիններ: «Դա Հայաստանի Հանրապետության տարածք չի համարվում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակված պետություն է, որը, սակայն, մինչ օրս, ցավոք, միջազգային ճանաչում չի ստացել»,- ամփոփել է վարչապետ Փաշինյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: