332 դիտում, 2020.10.31 19:59

Արմեն Սարգսյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին, ընկերակցությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարություն Շիրինյանի։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին տեղեկացրել է, որ վերջին օրերին գտնվել է Արցախում, եղել մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում, ականատես եղել Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծություններին, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմանը:

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Արցախի հանդեպ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, շարունակվող ռազմական գործողությունների, ադրբեջանական բանակի կողմից վարձկան ահաբեկիչների մասնակցության առնչությամբ։ Նշվել է, որ իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել ոչ միայն հումանիտար աղետի, այլև ապակայունացնել ողջ տարածաշրջանը: