238 դիտում, 2020.10.31 14:14

Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվենցիոն ծրագրեր

Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվենցիոն ծրագրեր

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են  փողոցների ասֆալտապատման, ոռոգման համակարգի  եւ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 247 միլիոն 781 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:

Ասֆալտապատվում են 12 փողոց՝ 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Հոկտեմբերի 31-ի դրությամբ մոտ 80 տոկոսով ավարտված են հողային հարթեցման եւ խճապատման աշխատանքները, ասֆալտապատումը կսկսվի առաջիկա օրերին։  Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 80 միլիոն 420 հազար դրամ, որի 70 տոկոսը  հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Հոկտեմբերի 31-ի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսը։ Ոռոգման ներքին ցանցը կառուցվում է 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով։

Ծրագրի իրականացման արդյունքում 12 թաղամասերում կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը։ Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 37 միլիոն 860 հազար դրամ, որի 65 հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կատարված են շուրջ 95 տոկոսով։  Կառուցվել է շուրջ 7 կիլոմետր երկարությամբ լուսավորության ցանց: Տեղադրվել է 250 լուսատու։