1784 դիտում, 2020.10.31 09:48

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:

Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը:

Ֆոտոշարք