364 դիտում, 2020.10.31 01:02

ԱՄՆ նախագահի խորհրդականը վերահաստատել է` արտաքին ուժերը դեր չպետք է ունենան ԼՂ հակամարտությունում

ԱՄՆ նախագահի խորհրդականը վերահաստատել է` արտաքին ուժերը դեր չպետք է ունենան ԼՂ հակամարտությունում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը վերահաստատել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ արտաքին ուժերը դեր չպետք է ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին Օ'Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

«Արտաքին ուժերը որևէ դերակատարություն չպետք է ունենան այս հակամարտությունում: Նախագահ Թրամփի համար միանշանակ է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների»,- ասել է Օ'Բրայենը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիայով, հատկապես քաղաքացիական անձանց թիրախավորումներով:

«ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղություն հաստատելուն ուղղված իր հանձնառությունները շարունակելուն»,- նշել է նա:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ չնայած Թուրքիայի ժխտումներին, կան բազմաթիվ տեղեկություններ, որ այդ երկիրը սիրիացի ահաբեկիչների է ներգրավում Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։