324 դիտում, 2020.10.30 15:32

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը

Հոկտեմբերի 30-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է հաշվողական մեքենաների, ինֆորմացիոն և ավտոմատ կառավարման համակարգերի բնագավառի անվանի գիտնական, ճարտարագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Արման Թագվորի Քուչուկյանը: Այս մասին տեղեկացրել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը:

Արման Քուչուկյանը եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, նույն ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միացյալ համակարգի գլխավոր կոնստրուկտորը: Նա հեղինակել է 57 գիտական աշխատություն:

 Իր բազմամյա գործունեությամբ ակադեմիկոս Արման Քուչուկյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում հաշվողական տեխնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մեջ: 2013թ-ին նա արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

 ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն իրենց ցավակցությունն են հայտնում անվանի գիտնականի ընտանիքին և գործընկերներին: