2066 դիտում, 2020.10.30 13:29

Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների դեպի ՌԴ «արտահոսքի» վտանգը

Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների դեպի ՌԴ «արտահոսքի» վտանգը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի կռվում ներգրավված Սիրիայից ու Լիբիայից վարձկանների «արտահոսքի» վտանգը դեպի Ռուսաստան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Բացառել այդպիսի վտանգը, անկասկած, անկարելի է»,- նշել է Սիրոմոլոտովը:

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում: Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ, աշխատել կանխարգելելու ուղղությամբ: Ռուսական իրավապահ մարմինները ուշադիր հետևում են իրավիճակին, և, ինչպես ասվում է, «ձեռքը զարկերակին են պահում»,-եզրափակել է նա:

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, ԼՂ հակամարտության գոտում նկատվում է Մերձավոր Արևելքի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում կռվող վարձկանների ակտիվ շարժ, ի դեպ՝ խոսքը գնում է արդեն հազարավոր արմատականների մասին: