Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը, մեկնաբանելով Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը, «Երկիրն մեդիային» հայտնել է, որ չափազանց զարմացած է, քանի որ երկու կառույցների միջեւ համագործակցության խնդիր երբեւէ չի եղել, նաեւ նախկինում Արման Թաթոյանը որեւիցե կերպ մտահոգություն չի հայտնել ինչ-որ հարցի հետ կապված: Նա նաեւ շեշտել է այն, որ Արման Թաթոյան չի հիմնավորել իր գրառումը եւ չի նշել դրդապատճառները եւ հիմքերը:
Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ նախարար Զարուհի Բաթոյանն անձամբ փորձել է կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ հասկանալու համար գրառման էությունը, սակայն Արման Թաթոյանը մինչ այս պահը չի պատասխանել զանգերին:
Հիշեցնենք, որ նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանը գրառում էր կատարել, որում նա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմից եւ աշխատակիցներից պահանջում է գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, նաեւ բացառել անպատասխանատու վերաբերմունքը եւ ապահովել լիարժեք համագործակցություն իրենց աշխատակազմի հետ: