12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Թուրքիայում արդեն տևական ժամանակ է սկսել են աշխարհում ռազմաբազաների տեղակայման գործընթացներ: Դա Թուրքիայի քաղաքական գերակայությունն է: Այս մասին նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Մենք կարող ենք տեսնել աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի դե ֆակտո և դե յուրե ռազմական բազաների առկայությունը կամ ռազմական ներկայությունը: Կարծում եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտում թուրքական գերնպատակներից մեկը Հարավային Կովկասում՝ Ադրբեջանում, բազայի կամ դե ֆակտո ներկայության լեգիտիմացումն է: Թուրքիան հետևողական, հաստատուն քայլերով գնում է այդ ուղղությամբ: Հայտնի զորավարժություններից հետո Ադրբեջանում մնացած թուրքական զորքին և ռազմատեխնիկային փորձ է արվում տալ լեգիտիմություն և, ըստ էության, ձևակերպել թուրքական ռազմաբազա Ադրբեջանի տարածքում»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը: Նրա կարծիքով, այդ բազաներից մեկը պետք է լինի Կասպից ծովի ավազանում, մյուսը՝ խորհրդանշական Նախիջևանում: Թուրքագետն ընդգծել է, որ սա ևս մեկ մարտահրավեր է ուղղված աշխարհին, տարածշրջանային հավասարակշռությունների խախտմանը: Թուրքական ագրեսիվ ռազմական ներկայությունը տարածաշրջաններում միտված է կոնֆլիկտները թեժացնելուն, ծավալապաշտական նկրտումները բավարարելուն:
Հաշվի առնելով, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը մեծ է, Թուրքիայի գործողությունները կարո՞ղ են, արդյոք, դիտարկվել նաև ընդդեմ Ռուսաստանի: Հարցին ի պատասխան թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ դա այդպես է:
«Իմ կարծիքով, տևական ժամանակ ընթանում է ռուս-թուրքական պրոքսի (միջնորդավորված- խմբ.) պատերազմ: Եվ այդ պատերազմները տեղի են ունենում այն տարածաշրջաններում, որոնք ՌԴ-ի համար կարևոր են և զգայուն: Մենք տեսանք ռուս-թուրքական պրոքսի պատերազմի դրսևորում՝ Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցում, Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանություն և այլն: Ռուս-թուրքական պրոքսի պատերազմը տարբեր ինտենսիվությամբ է ընթանում: Միամտություն կլինի կարծել, որ ՌԴ-ի համար կարևոր այս տարածաշրջանում Թուրքիան չի գնալու սադրանքի, չի հրահրելու նոր ճակատի բացում: Սա գլոբալ մարտահրավեր է Ռուսաստանին»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով, այս ամենից բացի, վարձկանների, ահաբեկիչների տեղափոխումն այս տարածաշրջան, այսինքն՝ ավելի մոտեցում դեպի բուն ռուսական սահմաններին, ուղիղ սպառնում է ՌԴ-ի անվտանգությանը: