16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Արցախի անկախության ճանաչումը դարձել է համար մեկ պահանջը, ճանաչումն առաջնահերթ քայլն է, որ կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության հարցը: Այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա շեշտեց՝ միջազգային հանրությունն էլ, Մինսկի խմբի համանախագահող պետություններն էլ պետք է հասկանան, որ այսօր գոյության խնդիր է լուծվում, և տարիներ շարունակ Մինսկի խմբի կողմից քննարկված տրամաբանությունը՝ տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց, այլևս չի կարող աշխատել: «Քանի որ հակառակորդը ցույց տվեց, որ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության: Իրենք այսօր էլ փորձ են անում ոչնչացնել ոչ միայն շենք-շինությունները, այլ նաև մարդկանց»,-ասել է Քոչարյանը:
Նա նշել է, որ հայկական կողմն իր առաջարկը ձևակերպել է: «Վարչապետը ներկայացրել է, թե ինչն է այսօր հրատապ, որպեսզի լուծվի մեր ժողովրդի անվտանգության հարցը Արցախում: Արցախի անկախության ճանաչումը դարձավ համար մեկ պահանջը»,-ասել է Քոչարյանը:
Պատգամավորը նկատել է, որ եթե սրանից առաջ որոշակի քայլերը պետք է ինչ-որ պահի բերեին ճանաչման, ապա այսօր ճանաչումն է, որ միակ առաջնահերթ քայլն է, որը կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը:
Քոչարյանը նաև հիշեցրել է, թե անվտանգության գոտին ինչպես է ձևավորվել: «Անվտանգության գոտի ձևավորվել է այն պարագայում, երբ այդ գոտուց ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ էին լինում խաղաղ բնակչության վրա: Եվ մեր կանոնավոր բանակի ձևավորման ամբողջ ընթացքում այդ հենակետերը ոչնչացնելով ձևավորվեց այդ անվտանգության գոտին, որը տարիներ շարունակ պահեց խաղաղ միջավայր՝ չնայած անընդհատ այդ գոտուց այն կողմ նրանք հրահում էին ռազմական գործողություններ: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ գոտին չլիներ, ինչ կլիներ Արցախի բնակչության հետ»,-նշել է նա:
Անդրադառնալով անվտանգության գոտու տարածքից հայկական ուժերը հանելու Ալիևի մտքին՝ Քոչարյանն ասել է. «Զորքը հանե՞նք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ: Այդպիսի բան չի կարող լինել: Այսօր Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Եվ այսօր էլ մենք միասնաբար պայքարում ենք մեր ժողովրդի անվտանգությունն ամուր պահելու ուղղությամբ»,-ասել է Քոչարյանը: