կարևոր
1839 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-29 12:08

ԱԺ պատգամավորը սփյուռքի հայերին կոչ է անում զգույշ լինել, չտրվել թուրք-ադրբեջանական սադրանքներին

ԱԺ պատգամավորը սփյուռքի հայերին կոչ է անում զգույշ լինել, չտրվել թուրք-ադրբեջանական սադրանքներին

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարբեր երկրներում ապրող հայերին կոչ է անում շատ զգույշ լինել և չտրվել թուրքերի և ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին: Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցներում:

«Ուզում եմ կոչով դիմել տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին՝ լինել հնարավորինս զգույշ, չտրվել թուրք-ադրբեջանական որևէ սադրանքի»,- ասաց Մարուքյանն ու հիշեցրեց հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպը, երբ դանակով ու մուրճով զինված թուրքերը հարձակվել էին խաղաղ հայ ցուցարարների վրա:

Գիշերը Ֆրանսիայում թուրքերի ամբոխը դուրս է եկել փողոցներ՝ փնտրելով հայերին, սպառնալիքներ հնչեցնելով: «Ընդհանրապես չի կարելի կոնֆլիկտը ճակատամարտից տեղափոխել այլ վայրեր: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին շատ զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը կարող է հանգեցնել բախման: Պատերազմի մեջ ենք, պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս մենք չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը»,- ասաց ԼՀԿ ղեկավարը: