կարևոր
1563 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-28 13:57

Կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ երկրներից բերվող հումանիտար ապրանքների ցանկ

Կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ երկրներից բերվող հումանիտար ապրանքների ցանկ

ՀՀ կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ անդամ երկրներից համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ցանկ:

Ասուլիսի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ներմուծվող ապրանքները ԱԱՀ-ից, ակցիզային և բնապահպանական հարկից ազատելուն:

«Սա հնարավորություն է, որի շրջանակում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարողանում են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքները հասցնել վերջնական շահառուին առանց մաքսային և հարկային պարտավորություններով ծանրաբեռնվելու: Օրենքով նախատեսված է, որ կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, և արտոնությունները կիրառելի կլինեն այդ ապրանքների նկատմամբ: Ցանկ սահմանելու նպատակն այն է, որ այս աջակցությունը լինի արդյունավետ և հասցեական»,- ասաց  նախարարի տեղակալը:

Արման Պողոսյանը նշեց, որ օրենքն ունի անցումային կարգավորումներ: Քանի դեռ կառավարությունն այդ ցանկը չի սահմանել և չի հրապարակել, վերը նշված արտոնություններն առայժմ կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ: Խոսքը համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների մասին է:

Նախարարի տեղակալը նկատեց, որ շատ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք ռազմական դրության հայտարարման առաջին օրերից սկսած ներկրել և կառավարման շրջանակին հանձնել են ապրանքների լայն տեսականի: Եթե ցանկի կիրառությունը հետընթաց լիներ, ապա կարող էր խնդիրներ առաջացներ, դրա համար անցումային կարգավորումները հնարավորություն են ընձեռում այս արտոնյալ կարգավորումները կիրառել բոլոր ապրանքների նկատմամբ: Ցանկը սահմանելուց հետո արտոնյալ կարգավորումները կվերաբերեն միայն դրանում ընդգրկված ապրանքներին: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախատեսված է այս գործընթացի փաստաթղթավորում:

Ինչ վերաբերում է այլ երկրներից ներկրվող ապրանքներին, ապա Արման Պողոսյանը նշեց, որ այդ պարագայում կա առավել պարզ գործնական ընթացակարգ, հետևաբար նոր օրենքի, նոր արտոնյալ կարգավորումների անհրաժեշտություն չկար: