394 դիտում, 2020.10.27 22:32

Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից

Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների չկատարումից: Դոնալդ Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի չպահպանման մասին հարցին:

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ հակամարտությունը շարունակվում է շատ երկար տարիներ և հավելել. «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ կան երկրներ, որոնք այդ ամենի մեջ են երկար ժամանակ: Այո, դա հիասթափեցնող է»:

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կկարգավորվի:

Ավելի վաղ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել հետամուտ լինել ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։