428 դիտում, 2020.10.27 16:42

Հայաստանում քաղաքացիները որոշակիորեն նվազեցրել են իրենց խնայողությունները բանկերում

Հայաստանում քաղաքացիները որոշակիորեն նվազեցրել են իրենց խնայողությունները բանկերում

Հայաստանում բանկային համակարգում քաղաքացիերի, կազմակերպությունների խնայողությունները որոշակիորեն նվազել են, սակայն դա ընդհանուր ավանդների մեջ աննշան տոկոս է կազմում: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Կա խնայողությունների որոշակի նվազում: Այսինքն` մարդիկ և կազմակերպությունները որոշակիորեն, բայց ոչ էական չափով նվազեցրել են իրենց խնայողությունները բանկային համակարգում»,-ասաց Գալստյանը:

Դա կազմում  է ընդհանուր ավանդների մոտ 1 տոկոսը, աննշան է: ԿԲ նախագահը պարզաբանեց՝ ավանդները դուրս են եկել բանկային համակարգից ոչ թե նրա համար, որ կան խնդիրներ, այլ դա տեղի է ունեցել մի քանի պատճառներով: Պայմանավորված կորոնավիրուսով և ընդհանուր տնտեսական իրավիճակով՝ տնային տնտեսությունների մոտ կա եկամտի որոշակի նվազում, և մարդիկ դա կոմպենսացնում են նախկինում ձևավորած խնայողությունների հաշվին: «Առաջնագիծ գնացող մեր հայրենակիցների մոտ կա վարքագծային դրսևորում, որ գումարը հանում են ավանդից, կանխիկ տեսքով թողնում են տանը, որ ընտանիքի անդամներն ունենան որոշակի ֆինանսական միջոցներ՝ իրենց բացակայության ընթացքում»,-նշեց Գալստյանը:

 Կա նաև մի ստվար զանգված, որ ավանդը փոխանցել է որևէ բարեգործական նպատակի, մասնավորապես Հայաստան համահայկական հիմնադրամին, 1000 դրամների հիմադրամին:

ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 27-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%: Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: