1046 դիտում, 2020.10.27 09:24

Թրամփի ուշադրությունն այլ ուղղությամբ է կենտրոնացած. Ինչ կտա Ժնևում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. «Ժողովուրդ»

Թրամփի ուշադրությունն այլ ուղղությամբ է կենտրոնացած. Ինչ կտա Ժնևում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և, առհասարակ, ԱՄՆ-ի ուշադրությունն առաջիկա շաբաթներին կենտրոնացված է լինելու միայն ընտրությունների վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ամերիկացի փորձագետ, դիվանագետ Ջոն Հերբսթը՝ նշելով, թե ավելի ուրախ կլիներ, եթե Ամերիկան շատ ավելի ակտիվ լիներ և փորձեր ինչ-որ կերպ ազդել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վրա։

Վերջինիս համար սպասելի էր, որ ԱՄՆ-ում արտգործնախարարների մակարդակով կհասնեին հումանիտար հրադադարի, և միևնույն ժամանակ սպասելի էր, որ այդ պայմանավորվածությունը չի կատարվելու։

«Իրական հարցն այն է՝ երկու առաջնորդներն ուզո՞ւմ են դադարեցնել պատերազմը, նրանք ուզո՞ւմ են վերադառնալ տուն, և կկատարվի՞ արդյոք հրադադարի համաձայնությունը։ Ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է ինչ-որ կերպ վերահաստատել և կյանքի կոչել հրադադարի այն համաձայնությունը, որը ձեռք բերվեց Ռուսաստանի մայրաքաղաքում 10 օր առաջ։Բայց ես կասկածում եմ, որ երկու առաջնորդներն այնքան էլ չեն ուզում գնալ այդ հանդիպմանը», - նշեց նա։

Հավելենք, որ ադրբեջանական կողմը չպահեց նաև հումանիտար հրադադարի հասնելու երրորդ փորձը և երեկ կրկին դիմեց սադրանքի։ Այս կոնտեքստում մնում է սպասել՝ ինչ կտա հոկտեմբերի 29-ին Ժնևում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: