ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի համոզմամբ` Թուրքիան ակտիվորեն խրախուսում է Ադրբեջանին` Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմում հրադադարը չպահպանելու հարցում: Հայրապետյանը նշել է, որ Թուրքիան իր նպատակներն ունի այս պատերազմում:
«Իհարկե, Թուրքիայի ազդեցությունը շատ մեծ է, հսկայական է: Թուրքիան իր նպատակներն ու խնդիրներն ունի այս հակամարտության մեջ ներգրավվելով և Ադրբեջանին խրախուսելով: Այդուհանդերձ, Ալիևի երեկվա և այսօրվա ելույթները գալիս էին փաստելու, որ Ադրբեջանը չէր պատրաստվում պահպանել հրադադարը, այդ ամենը նաև ակտիվորեն խրախուսվում է Թուրքիայի կողմից: Էրդողանի սանձարձակ հայտարարություններն, օրինակ` Ամերիկայի հնարավոր սանկցիաներին ի պատասխան, նմանատիպ այլ հայտարարությունները փաստում են, որ Թուրքիան էլ իր խնդիրներն է դրել և, ընդհանուր առմամբ, երկու պետությունները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում միջազգային հանրության և գերտերությունների համար` իրենց սանձարձակ պահվածքով, ապակառուցողական գործողություններով և հայտարարություններով»,- ասել է Հայրապետյանը:
Անդրադառնալով հարցին` արդյոք Թուրքիան խոչընդոտում է հումանիտար հրադադարի հաստատմանը, որպեսզի չեզոքացնի ադրբեջանական բանակի կազմում կռվող թուրք զինծառայողների ի հայտ գալու հնարավորությունը, պատգամավորը նշել է, որ դա ևս կարող է պատճառ լինել, բայց հիմնական նպատակն այլ է:
«Իմ խորին համոզմամբ, Թուրքիայի նպատակը լինելու է Սյունիքով, հետագայում Մեղրիով Նախիջևանին միանալը, որը թուրքական ծրագրերի մեջ է»,- նշել է պատգամավորը:
Տաթևիկ Հայրապետյանը հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրադադարը չպահպանելով նաև փորձում են նսեմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի դերը:
«Ես վստահ եմ, որ և' Թուրքիան և' Ադրբեջանը փորձում են նսեմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը և համանախագահող երկրների կշիռն այս քայլերով, փորձելով ցույց տալ, որ պատրաստ են ընդդիմանալ բոլորին: Դրա իրական պատասխանը պետք է լինի Արցախի անկախության ճանաչումը, որպես միակ հնարավոր երաշխիք տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու Ադրբեջանի ագրեսիան զսպելու ճանապարհին»,- ասել է Տաթևիկ Հայրապետյանը:
Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։