1306 դիտում, 2020.10.27 01:31

Կրակը կտրուկ ինտենսիվացնելու որոշումն ընդունվել է ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում. Ռուբեն Սաֆրաստյան

Կրակը կտրուկ ինտենսիվացնելու որոշումն ընդունվել է ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում. Ռուբեն Սաֆրաստյան

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Վաշինգտոնում հոկտեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածության օրն իսկ Արցախի ուղղությամբ կրակը կտրուկ ինտենսիվացնելու որոշումն ընդունվել է ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում։ Այս տեսակետը հայտնել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այս որոշումը վկայում է այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց այս ագրեսիվ պատերազմը՝ արդեն այս անգամ դեմ գնալով այն առաջարկին, որը հեղինակվել է Վաշինգտոնում»,- ընդգծել է թուրքագետը՝ հույս հայտնելով, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ ճնշումը Թուրքիայի և Ադրբեջանի վրա կտա իր արդյունքը, և նրանք, այսպես ասած, ագրեսիվ պահվածքից կհրաժարվեն։

Պատասխանելով հարցին, թե որն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նպատակն Արցախի դեմ պատերազմում՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը կարծիք է հայտնել, որ Էրդողանի այս քաղաքականության հիմնական թիրախը և՛ Արցախն է, և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛, ընդհանրապես, հայ ժողովուրդը։ «Ես կարծում եմ, որ եթե հնարավորություն ստեղծվի, ապա նա կշարունակի ցեղասպանության այն քաղաքականությունը, որի հիմքը դրել էին երիտթուրքերը և հետո շարունակեց Աթաթուրքը։ Էրդողանի համար այս խնդիրն առաջնային ու ամենակարևորն է»,- նշել է նա։

Անդրադառնալով այլ տարածաշրջաններում Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատել է, որ եթե Լիբիայում զինադադար է, Սիրիայում լարվածությունը պահպանվում է, բայց այստեղ թեժ փուլը չէ՝ որոշ չափով պահպանվում է լարվածությունը թուրք-սիրիական հարաբերություններում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան շրջաններում։ «Կարծում եմ, որ այս պահին Էրդողանի նպատակն է հնարավոր բոլոր տեղերում, որտեղ ես նշեցի, այնտեղ, որտեղ հնարավորություն կա, շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը»,- եզրափակել է թուրքագետը։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։