718 դիտում, 2020.10.27 00:51

Ադրբեջանի ԶՈւ հարվածի հետևանքով Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ

Ադրբեջանի ԶՈւ հարվածի հետևանքով Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ

Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ: Այս մասին ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Կա քաղաքացիական առնվազն մեկ զոհ և մի քանի վիրավոր»,- ասել է Բեգլարյանը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։