11156 դիտում, 2020.10.26 23:20

ՀՀ Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ելույթին

ՀՀ Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ի պատասխան վարչապետի վերջին տեսաուղերձում հնչած փոխզիջումների ու կապիտուլյացիայի մասին մտքերի․

Տեղյակ լինելով Արցախյան (Ղարաբաղյան) հարցի ծագումնաբանությանը, խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքում խորհրդա-ադրբեջանական համատեղ, միտումնավոր իրականացված վարչատարածքային ձևախեղումների պատմությանը, որոնց հետևանքով հայաբնակ շրջանները կամ գյուղերը հայտնվել են ադրբեջանաբնակ շրջանների սահմաններում, որպեսզի ավելի հեշտացնեն հետագայում դրանց ադրբեջանականացման գործընթացը, նաև վերջին երեսնամյակի իրադարձություններին, Ադրբեջանի շարունակական ագրեսիային, հայատյաց, ցեղասպան քաղաքականությանն ընդդեմ Արցախի ու Հայաստանի, մեզ պարտադրված երեք պատերազմների հետևանքով մեր ժողովրդին պատճառված անդառնալի կորուստներին՝ խոսել փոխզիջումներից, նշանակում է կապիտուլյացիա։

Հայ ժողովրդի կապիտուլյացիա, որն ուզում է Ադրբեջանը։

Առաջնագծում կանգնած զինվորը, հազարից ավելի զոհերը, դրանից շատ ավելի վիրավորները իրենց հերոսական կեցվածքով, իրենց նվիրումով արժանի չեն, որ անգամ արտաբերենք «փոխզիջում» բառը։

Դուք ամենուր հայտարարում եք, որ ցեղասպանվում ենք, և, իրոք, դա այդպես է, մենք կանգնած ենք նոր ցեղասպանության շեմին, բայց հետո Ձեր խոսքում հորդորում եք մեզ՝ հայ ժողովրդին, պատրաստ լինել փոխզիջումների։

Մեր ընտանիքը, հավատացած եմ, նաև հայրենիքի համար արյուն թափած յուրաքանչյուր ընտանիք, իսկ մենք, ցավոք, շատ ենք՝ մեկ տասնյակ հազարից էլ շատ, պատրաստ չենք մեր հարազատների արյունը որևէ փոխզիջումով սակարկելու, ինչ է, թե Ալիևն իրեն լավ զգա կամ ինչ է, թե Ալիևն այդպես է ուզում։

Հարցրե՛ք յուրաքանչուր որդեկորույս մոր, հարցրե՛ք յուրաքանչյուր հղի վիճակում այրիացած կնոջ, հարցրեք տասնութ, տասնինը, քսան տարեկան՝ երազանքները կիսատ մնացած զավակների ծնողներին, հարցրեք որբացած երեխաներին, հարցրեք վիրավոր զինվորներին ու կամավորականներին, բոլորը, բոլորը մեկ մարդու նման Ձեզ կասեն, որ պատրաստ չեն փոխզիջումների և չեն էլ լինելու երբևէ, եթե դա մեզ ուժով կամ մանիպուլյացիաներով չպարտադրվի։ /Իրինա Բարսեղյան-Կրպեյան/