534 դիտում, 2020.10.26 22:27

Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. մարտերը շարունակվում են

Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. մարտերը շարունակվում են

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական բանակին հոկտեմբերի 26-ին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը: Այս մասին հոկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով, միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: Նույն ժամանակ, նախկինում նշված` Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաները, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են: Շեխեր, Ջիվանիկ և հարակից այլ գյուղերում որոնողական և ջախջախման գործողությունները շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ ադրբեջանական բանակը երեկ երեկոյան կարողացել է գրավել Կուբաթլուն և մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ:

«Այսօր էլ հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: