կարևոր
1646 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-26 17:19

Թուրքիայի տնտեսության անկման ֆոնին Էրդողանը կոչ է անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Թուրքիայի տնտեսության անկման ֆոնին Էրդողանը կոչ է անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Մինչ Թուրքիայի տնտեսությունն անկում է ապրում, իսկ ազգային արժույթը շարունակում պատմական ամենացածր արժեքները գրանցել, նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է անում իր երկրի քաղաքացիներին հրաժարվել խոշոր ներմուծող` Ֆրանսիայի ապրանքներից: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Անկարայում ելույթի ընթացքում:

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև 2018թ. առևտրաշրջանառությունը կազմել է 14 մլրդ եվրո:

Էրդողանն այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հարաբերությունների սրմամբ պայմանավորված:

Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆրանսիայի նախագահին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը: Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին: