188 դիտում, 2020.10.26 11:28

ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումն Ալիևի և Էրդողանի վրա՝դադարեցնելու պատերազմը. Ադամ Շիֆ

ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումն Ալիևի և Էրդողանի վրա՝դադարեցնելու պատերազմը. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումն Ալիևի և Էրդողանի վրա՝ դադարեցնելու պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

Կոնգրեսականը նման տեսակետ է հայտնել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

Ադամ Շիֆը նախ նշել է, որ խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումը Ալիևի և Էրդողանի վրա՝ դադարեցնելու այս պատերազմը»,- գրել է կոնգրեսականը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Սակայն ադրբեջանական կողմը ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել էր հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։