Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ, որը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի բնութագրմամբ, Ալիևի վարչակարգի ցուցաբերած բացահայտ լկտի պահվածք է ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ:
Պողոսյանը հայտարարել է. «Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»:
Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։