332 դիտում, 2020.10.26 08:20

Թրամփը Փաշինյանին և Ալիևին շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ

Թրամփը Փաշինյանին և Ալիևին շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով և նշել, որ քիչ առաջ երկու երկրների ղեկավարները համաձայնել են հավատարիմ մնալ պայմանավորվածությանը: Այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք քիչ առաջ համաձայնեցին հավատարիմ մնալ կեսգիշերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությանը: Բազմաթիվ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով՝ Պետքարտուղար Պոմպեոյով, Սթիվ Բիգանով և Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի գրասենյակով՝ դա անելու համար»,- գրել է Թրամփը:

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հումանիտար հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, ժամը 08:00-ին: Հոկտեմբերի 10-ին և 18-ին Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: