530 դիտում, 2020.10.26 01:25

Ռոբերտ Օ’Բրայանը շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ

Ռոբերտ Օ’Բրայանը շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը շնորհավորել է Հայաստանին, Ադրբեջանին և ԱՄՆ-ին՝ հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով: Այս մասին ասված է խորհրդականի գրասենյակի «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Ես ուրբաթ օրը Սպիտակ տանը հանդիպել եմ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև երեկ հեռախոսազրույց ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Շնորհավորում եմ բոլոր նրանց այսօր ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածության կապակցությամբ: Կփրկվեն երկու ժողովուրդների կյանքերը: Պետքարտուղար Պոմպեոն և Սթիվեն Բիգանը կարևոր դեր են խաղացել: Գերազանց աշխատանք է կատարվել»,- գրել է Օ’Բրայանը:

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հումանիտար հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, ժամը 08:00-ին: Հոկտեմբերի 10-ին և 18-ին Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: