Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջնագծում այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր: Այս մասին հոկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, որոշ մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով: Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,- ասել է Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ ՊԲ-ն շարունակում է նաև ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայտնաբերումն ու չեզոքացումը:
«Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր, այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական ու ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են: Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են փախչել տեղանքից, որտեղ հայտնում են մեր ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումները»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: