662 դիտում, 2020.10.25 01:21

Ֆրանսիան կարող է ներազդել Թուրքիայի վրա՝ նախաձեռնելով տնտեսական, ռազմատեխնոլոգիական պատժամիջոցներ. թուրքագետ

Ֆրանսիան կարող է ներազդել Թուրքիայի վրա՝ նախաձեռնելով տնտեսական, ռազմատեխնոլոգիական պատժամիջոցներ. թուրքագետ

Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով  Ֆրանսիան պետք է շատ ավելի կտրուկ և գործուն քայլերի դիմի Թուրքիայի, մասնավորապես՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սանձարձակ ու ագրեսիվ վարքագիծը զսպելու համար։ Էրդողանի այսօրվա սանձարձակությունը բխում է ուժային տարբեր կենտրոնների շարունակական թողտվությունից, որը լուրջ գլխացավանք է դարձել նրանցից շատերի համար։ Այս մասին ասել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Թուրքիայում իր դեսպանին  հետ կանչելու ֆոնին թուրք-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացումները։

«Մինչև այսօրվա իրադարձությունները արդեն իսկ թուրք-ֆրանսիական հարաբերությունները բավական լարված էին և բարդ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածի գործընթացներով, լիբիական գործոնով պայմանավորված, որը Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականության արդյունք է։ Վերջին տարիներին թուրք-ֆրանսիական հարաբերությունները աչքի են ընկել քաղաքական-դիվանագիտական լարվածությամբ, որին ավելացավ նաև ռազմաքաղաքական հարթությունը, ինչը խնդիրներ ստեղծեց նաև ՆԱՏՕ-ի շրջանակում։ Եվ հիմա տեսնում ենք նույն Թուրքիայի ագրեսիվ վարքագիծն ու ռազմական ներգրավվածությունը Արցախի դեմ սանձազերծված պատերազմում: Ֆրանսիան բազմիցս դարձել է Էրդողանի հանդուգն հռետորաբանության թիրախներից»,- ասել է Հովսեփյանը։

Թուրքագետի կարծիքով՝ Ֆրանսիան կարևոր ներուժ ունի ներազդելու Թուրքիայի վրա քաղաքական և տնտեսական առումներով, որը ֆրանսիական կողմը կարող է նախաձեռնել։

«Կարծում եմ, որ Ֆրանսիան Թուրքիային զսպելու համար արդեն նշմարվող աշխարհաքաղաքական նախաձեռնության կարևոր դերակատար է։ Որպես ԵՄ-ի առանցքային դերակատարներից, մեծ անելիք պետք է ունենա Թուրքիայի ագրեսիվ և անկանխատեսելի քաղաքականության և նրա ղեկավարության, մասնավորապես՝ նախագահ Էրդողանի սանձարձակ վարքագիծը զսպելու առումով։ Այսօր Թուրքիայի ամենաթույլ օղակներից մեկը տնտեսությունն է և տեխնոլոգիական կախվածությունը, Ֆրանսիան կարող է շատ ավելի հետևողական ու վճռական նախաձեռնողականություն դրսևորել ԵՄ-ի շրջանակում տնտեսական, տեխնոլոգիական պատժամիջոցների կիրառման ուղղությամբ»,- նշել է թուրքագետը։

Ըստ նրա՝ թուրք-ֆրանսիական առևտրատնտեսական ու տեխնոլոգիական համագործակցությունը բավական մեծ ծավալներ ունի, սակայն որոշ առումով ֆրանսիական կողմը կաշկանդված է, քանի որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը ենթադրում է որոշում ԵՄ-ի մակարդակով։ Այդուհանդերձ, Ֆրանսիան, ԵՄ-ի այլ անդամ երկրների հետ այդ հարցը կարող է հետևողականորեն օրակարգում պահել։ Մյուս կողմից, Ֆրանսիան կարող է ռազմաարդյունաբերական ու տեխնոլոգիական էմբարգո կիրառել, քանի որ այդ երկրից Թուրքիայի ներկրումների մեջ զգալի են օդային ու տիեզերական արդյունաբերության, էլեկտրոնային սարքավորումները և այլն։

Թուրքիայի նախագահ Թեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին։