452 դիտում, 2020.10.24 16:33

Անկախության ճանաչումը կապահովի արցախահայության քաղաքական եւ իրավական պաշտպանությունը

Անկախության ճանաչումը կապահովի արցախահայության քաղաքական եւ իրավական պաշտպանությունը

«Եվրոպայի ազատ դաշինք» կուսակցությունն առցանց հանդիպել է Արցախի ներկայացուցիչների հետ:

Արցախահայության դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սեպտեմբերի 27-ից շարունակաբար իրականացվող պատերազմական հանցագործությունները կանխելու միջոցներից մեկն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է, ինչը կերաշխավորի միջազգային ներգրավվածությունն այս տարածաշրջանում։

«Եվրոպայի ազատ դաշինք» (ԵԱԴ) կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր առցանց ձեւաչափով հանդիպում-քննարկում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ։

Կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դե Լակալեն նշել է, որ իրենց կուսակցության նպատակը գործելն է, եւ այս քննարկումն այդ նպատակով էր կազմակերպվել։ «Պատրաստ ենք օգնելու։ Սա միայն սկիզբն է, մենք պարտավոր ենք արձագանքել, մենք չենք կարող հուսահատեցնել մարդկանց»,- ասաց նա։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով` միջազգային հանրությունը պարտավորություն ունի պաշտպանելու արցախահայության իրավունքները անգամ առանց անկախության ճանաչման, սակայն դա չի անում։ Մինչդեռ անհրաժեշտ է, որ միջազգային վերպետական կառույցները՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵՄ-ն, նաեւ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները ներկայացուցչություններ ուղարկեն Արցախ՝ արձանագրելու այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ այս օրերին, եւ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ։ «Սա է միակ տարբերակը` կանխելու Արցախի հանդեպ պատերազմական հանցագործությունները»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2016-ին նույնպես բազմաթիվ պատերազմական հանցագործություններ են կատարվել, որոնք նույնպես փաստաթղթավորված են Արցախի ՄԻՊ-ի կողմից՝ գլխատումներ, գերիների սպանություններ եւ այլն։ Այդ ամենին անդրադարձել է նաեւ միջազգային մամուլը, սակայն միջազգային հանրությունն այդպես էլ որեւէ գործուն միջամտություն չի ցուցաբերել, պատժամիջոցներ չի սահմանել։ «Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվում է այսօր։ Դեռ ուշ չէ` այս անգամ կանխելու հետագա պատերազմական հանցագործությունները»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը։ Արտակ Բեգլարյանը ողջունեց ԵԱԴ կուսակցության նախաձեռնությունը, որով իրենց ուշադրության կենտրոնում են պահում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը. «Արցախը հիմնականում մեկուսացված եւ անտեսված է միջազգային հանրության կողմից, ինչը խրախուսում է Ադրբեջանին` դիմելու ավելի մեծ բռնությունների։ Արցախի բնակչության հանդեպ անտարբերությունն ու նրանց իրավունքների անտեսումը պատճառներից մեկն է այն ամենի, ինչ այսօր կատարվում է։ Դրա համար հայկական կողմը բազմիցս հորդորել է Արցախը ներգրավել տարբեր միջազգային ծրագրերում»։ Ադրբեջանի սոցիալական մեդիայի ակտիվությունը ցույց է տալիս, որ այդ երկրում չափազանց շատ են հայերի հանդեպ ատելությունն ու ատելության խոսքը։ Դա տասնյակ տարիների պետական քաղաքականության հետեւանք է, որով իրենց հանրության շրջանում ձեւավորել են հակահայ տրամադրություններ։ Իշխանությունները, հանրային դեմքերն ատելություն են սերմանում` սկսած մանկապարտեզից եւ դպրոցից, իրականությանը չհամապատասխանող պատմություններ են մատուցում իրենց հասարակությանը։ Արմենաֆոբիան հասցրել են նաեւ եվրոպական կառույցներ։ «Տարիներ շարունակ միջազգային հանրությունը, եվրոպական կառույցները, չնայած բոլոր ապացույցներին եւ ահազանգերին, որեւէ պատժամիջոց չեն կիրառել, ոչ էլ լուրջ արձագանք է եղել։ Այս ամենի բացասական հետեւանքները կզգացվեն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ Եվրոպայում»,- ասել է նա։

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն անդրադարձավ մի քանի կարեւոր հանգամանքների. նախ՝ այս ագրեսիան չի սկսվել 2016-ին կամ 2020-ին հուլիսին՝ Տավուշում, իսկ Թուրքիան մշտապես մասնակցել է հայության դեմ ուղղված քայլերին, այս անգամ էլ ղեկավարում է օդային հարձակումները։ Նպատակն է հայաթափել տարածաշրջանը, մասնավորապես, Արցախը, ինչի մասին հայտարարվում է ամենաբարձր մակարդակով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից։ Սակայն այս անգամ նորությունն այն է, որ ներգրավված են նաեւ ահաբեկիչ-ջիհադականներ։ Այդ տեղեկությունները հաստատված են, դրանց մասին հայտարարել են Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը։ «Այս պայքարում 150 հազար բնակչությունը կռվում է իր ապրելու իրավունքի համար։ Մյուս կողմից` սա մարտահրավեր է միջազգային հանրությանը, որը պետք է արձագանքի այդ ամենին եւ գործուն քայլեր ձեռնարկի»,- ասաց ԱԳ նախարարի տեղակալը՝ եվրոպացի գործընկերներին հորդորելով օգտագործել սեփական հեղինակությունը եւ հնարավորությունները, որպեսզի հրադադար հաստատվի, եւ հնարավոր լինի վերականգնել բանակցությունները։ Ալեքսանյանի խոսքով` ոչինչ չի փոխվել 100 տարի առաջվա համեմատ. երբ թուրքերը 1915-ին ցեղասպանություն իրականացրին, մինչ օրս չեն պատժվել եւ մտածում են, որ այսօր էլ նույնը կարող են անել, ինչն էլ իրականացնում են։ Անգամ նախագահը (Էրդողանը) հանրային հեռուստատեսությամբ ասում է, որ իրենք կավարտեն այն, ինչ չեն հասցրել հարյուր տարի առաջ։ «Առանց ամոթի բարձրաձայնում են նախկինում կատարած հանցագործության մասին եւ քաղաքակիրթ աշխարհը կանգնած նայում է այդ ամենին։ Իհարկե, որոշ ուժեր երկու կողմերին ուղղված կոչեր են անում, բայց հայկական կողմն այսօր պաշտպանում է ապրելու իր իրավունքը, այլ ընտրություն մեզ տրված չէ»,- շեշտել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչը։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը կարեւորել է եվրոպացի գործընկերների ներկայության անհրաժեշտությունը, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին։ Նա ընդգծեց, որ սա պատերազմ չէ տարածքի համար, Ադրբեջանն այս տարածքներն ուզում է առանց հայերի, սա գոյութենական պայքար է։ «Աշխարհին պետք է ներկայացվի ճշմարտությունը։ Տարիներ շարունակ Ադրբեջանը ցանկացել է արգելափակել Արցախի մասնակցությունը միջազգային հարթակներին, նաեւ խոչընդոտել է Արցախ այցելությունները։ Արցախն այն դուռն է, որով թուրքերն ու ադրբեջանցիները ցանկանում են ոչնչացնել քրիստոնեական քաղաքակրթությունը։ Եթե Արցախը պարտվի, որեւէ մեկը չի կարող ասել, թե որ երկիրը կլինի թուրքական նվաճողական քաղաքականության հաջորդ թիրախը»,- նշել է Մելքումյանը։

«Եվրոպայի ազատ դաշինք» կուսակցության ներկայացուցիչները հարցեր ուղղեցին Արցախի ներկայացուցիչներին՝ առավել մանրամասն տեղեկանալու համար, թե ինչ է կատարվում, որպեսզի քայլեր ձեռնարկեն իրենց ներկայացրած երկրներում։

Ջորդի Սոլիին հետաքրքրում էին Մինսկի խմբի աշխատանքները, կողմերի մոտեցումները։ Արմինե Ալեքսանյանը պատասխանել է, որ մենք մշտապես կողմ ենք եղել այդ ձեւաչափով խնդրի կարգավորմանը, նաեւ վերահսկման մեխանիզմների ներդրմանը, ինչը հնարավորություն կտար արձանագրելու, թե որ կողմն է խախտել հրադադարը, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվել է կառուցողական երկխոսությունից։ «Հայկական կողմը որեւէ պատճառ չունի ագրեսիա հրահրելու կամ ռազմական գործողությունների դիմելու։ Հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, երբ ռազմական գործողություններ են տեղի ունենում, եւ զենքերը կրակում են»,- ասել է նա՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ Արցախի ճանաչումն այսօրվա հրամայականն է, քանի որ այդ կերպ կարելի է կանխել նոր ցեղասպանությունը։

ԵԱԴ կուսակցության անդամ Տատյանա Ժդանոկան (Լատվիա) հետաքրքրվել է, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե Բաքվում մեծաթիվ հայկական համայնք է ապրում։ Արմինե Ալեքսանյանն արձագանքեց, որ Ալիեւը բավականին վառ երեւակայություն ունի, քանի որ անգամ «յան» վերջածանցով ազգանուն ունեցող որեւէ այլ երկրի քաղաքացի չի կարող մուտք գործել Ադրբեջան։ Նույնիսկ խառն ամուսնությունների դեպքում մարդիկ ստիպված են եղել լքել Ադրբեջանը դեռ 80-ականների վերջին, սակայն, ի տարբերություն դրա, Արցախում այսօր ապրում են ադրբեջանցիներ, որոնք ամուսնացած են հայերի հետ։

Կուսակցության բելգիացի ներկայացուցիչն ասել է, որ բելգիահայ համայնքի աջակցությամբ Բելգիայի կառավարությանն է ներկայացվել հայտարարություն` ճանաչելու Արցախի անկախությունը։ Մինչդեռ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը զեկուցագիր է ներկայացրել, թե իբր ագրեսիան հայկական կողմից է, եւ հորդորել զգույշ լինել։ Դա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմից ուժեղ ճնշում կա։ Բելգիացի պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու իր տանը եւ իր ապագան կառուցելու այնտեղ։ Նա հույս հայտնեց, որ շուտով պատերազմը կավարտվի, եւ ինքը կկարողանա այցելել Արցախ, որտեղ եղել էր անցած տարի։

ԵԱԴ կուսակցության անդամներ Ֆրանսուա Ալֆոնսի եւ Պիտեր վան Դալենի կողմից առաջարկ հնչեց նամակ գրել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին, որպեսզի վերջինս ավելի մեծ ակտիվություն ցուցաբերի։