394 դիտում, 2020.10.24 15:24

Պատերազմից հետո հիշելու ենք լռողներին. արցախցի կանայք չլռելու կոչ են անում միջազգային կառույցներին

Պատերազմից հետո հիշելու ենք լռողներին. արցախցի կանայք չլռելու կոչ են անում միջազգային կառույցներին

Արցախցի կանայք, որոնք Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող պատերազմի պատճառով ստիպված լքել են իրենց տներն ու ժամանակավորապես հաստատվել Երևանում, միջազգային կառույցներին ու աշխարհի պետություններին կոչ են անում չլռել Արցախի դեմ ընթացող պատերազմի և Ադրբեջանի ու Թուրքիայի հանցագործությունների մասին: Հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Սիրանուշ Սարգսյանը:

«Պատերազմից հետո մենք հիշելու ենք ոչ թե նրանց, ովքեր խոսում են, այլ հենց լռողներին ենք հիշելու: Սա թող կոչ լինի բոլոր կառույցներին ու երկրներին: Մենք հիշելու ենք լռողներին, ուստի մի լռեք»,- ասաց Սարգսյանը:

Նախաձեռնության խմբի անդամները սկսել են բողոքի ցույցերի շարք և Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպություններին ու տարբեր երկրների դեսպանություններին ներկայացնում են իրենց պահանջներն ու կոչ անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ագրեսիան:

«Ով, եթե ոչ մենք կարող ենք ավելի լավ ներկայացնել այն, ինչ տիրում է Արցախում, ներկայացնել մեր անձնական պատմությունները միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ու դեսպանատներին: Սկսեցինք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույց իրականացնելով: Կարողացանք այնպիսի աղմուկ բարձրացնել, որ հնարավորություն ստացանք հանդիպելու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Հանդիպումը բավական խոստումնալից էր, Շարփը հայտնեց իր մտահոգվածությունը, նշեց, որ փորձում են մարդասիրական խողովակ բացել դեպի Արցախ: Սակայն, հասկանում ենք, որ դրա համար անհրաժեշտ է, որ թույլտվություն լինի միջազգային կառույցի ղեկավարությունից, ինչը մինչ օրս չենք տեսնում»,- նշեց նախաձեռնող խմբի անդամ Իրինա Սաֆարյանը:

Արցախցի կանայք իրենց պահանջները ներկայացրել են նաև ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացված ակցիայի ընթացքում, իսկ այժմ սպասում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպմանը:

«ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և պատասխանատվություն է կրում Արցախյան հակամարտության կարգավորման համար` իր չափաբաժնով: ԱՄՆ-ն ընտրել ենք նաև այն պատճառով, որ Թուրքիան, որն այս պատերազմում ավելի մեծ ներգրավվածություն ունի, քան մեր անմիջական թշնամին` Ադրբեջանը, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի հիմնական գործընկերներից մեկը: Նորություն չէ, որ հենց ամերիկյան զինատեսակներն են այսօր օգտագործվում Արցախի խաղաղ բնակչության դեմ, ավերում Ստեփանակերտը, մյուս քաղաքներն ու գյուղերը: Այս ամենն իրականացվում է ԱՄՆ օրենսդրությունը խախտելով, որովհետև, ըստ այդ օրենսդրության, իրենց զինատեսակները չեն կարող առանց ԱՄՆ թույլտվության հայտնվել այլ երկրներում: Այս ամենը ներկայացրել ենք դեսպանատան առջև կազմակերպված ցույցի ժամանակ, հենց դեսպանատան ներկայացուցչին»,- ասաց Սիրանուշ Սարգսյանը:

Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը հավելեց, որ իրենք չեն հանդուրժելու, որ պատերազմը հրահրող Թուրքիան ներխուժի բանակցային գործընթաց:

«Մենք սերունդներով կոտորվում ենք, մեզ սերունդներով փորձում են վախեցնել, որպեսզի մենք լքենք մեր բնակավայրերը, մեր գյուղերը, տները, եկեղեցիները, մեր հարազատների գերեզմանները: Այդպես չի լինելու: Մենք չենք հանդուրժելու, որ կեղծ օրակարգով այսօր Թուրքիան ներխուժի բանակցային գործընթաց: Մենք չենք հանդւորժելու, որ Թուրքիան մնա անպատիժ: Մենք պահանջում ենք միջազգային պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ»,- նշեց Լիանա Ադամյանը:

Արցախի կանանց նախաձեռնող խումբն իր հաջորդ բողոքի ակցիան կիրականացնի հոկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի դիմաց: