490 դիտում, 2020.10.24 15:07

Արցախցի կանայք Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ միջոցը համարում են Արցախի անկախության ճանաչումը

Արցախցի կանայք Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ միջոցը համարում են Արցախի անկախության ճանաչումը

Արցախցի կանայք, որոնք Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող պատերազմի պատճառով ստիպված լքել են իրենց տներն ու ժամանակավորապես հաստատվել Երևանում, Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ միջոցը համարում են աշխարհի երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը: Հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Սիրանուշ Սարգսյանը:

«Մեր պահանջն այն է, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ տարբերակը դա է, կոնկրետ պատժամիջոցներ կիրառվեն այդ պետությունների դեմ, և աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Այսօր մեզ համար կարևոր է ամեն մեկի ձայնը: Այս ճանաչումն այսօր ոչ միայն մեզ է պետք, այսօր այդ ճանաչումն աշխարհին է պետք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, որոնք Արցախի անկախության պահանջով ցույցեր են անցկացնում արտերկրում, այն քաղաքներին, որոնք ճանաչում են Արցախի անկախությունը, վստահ եմ, որ ծավալվելու է անկախության ճանաչման այդ շարժումը»,- նշեց Սարգսյանը:

Նախաձեռնության անդամ Լիանա Ադամյանը հավելեց, որ իրենք միջազգային կառույցներից և աշխարհի երկրներից մարդասիրական օգնություն չեն ակնկալում:

«Մենք ոչ մի մարդասիրական օգնություն չենք ուզում: Ցանկանում ենք, որպեսզի միջազգային կառույցներն ու պետությունները կանգնեն մեր կողքին` բոլոր իրավական ճանապարհներով»,- ասաց Լիանա Ադամյանը: