Ադրբեջանական մեդիայում ակտիվորեն տարածվող տեսանյութերն ու լուսանկարները, որտեղ ներկայացվում են ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև գլխատման դեպքեր, պատերազմական հանցագործություններ են: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ադրբեջանական սոցիալական մեդիայում ակտիվորեն տարածվում են այնպիսի տեսանյութեր, լուսանկարներ, որոնք մեր վերլուծություններով հիմնականում լինում են ճիշտ և ոչ կեղծ տվյալներ: Այդտեղ ներկայացվում են տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ. դիակների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, ինչպես նաև ռազմագերուն հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու դեպքեր: Հրապարակված մի շարք տեսանյութերից պարզ է դառնում, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ՝ մեծ հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում»,- նշեց Բեգլարյանը և հավելեց, որ այդ ամենը միանշանակ անընդունելի է, խստագույնս դատապարտելի:
ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ այդ քայլերը խախտում են Ժնևյան կոնվենցիաների միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները:
Բեգլարյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը պետք է պատշաճ ուշադրություն դարձնի այդ դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումները և նաև երաշխավորի ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում:
«Պետք է նաև հայ զինծառայողների դիակների մասով բացառվեն հետագա իրավախախտումներն ու ոտնձգությունները: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանն արդեն երկու անգամ հրաժարվել է հրադադարի պայմանավորվածությունները պահելուց, ինչի հետևանքով բավականին շատ հայ և ադրբեջանցի զինծառայողների դիակներ հնարավոր չի լինում տեղափոխել, ինչպես նաև փոխանակել: Սա անմարդկային վերաբերմունք է այդ դիակների հանդեպ, այստեղ էլ մենք և միջազգային հանրությունը հետևություններ ունենք անելու: Տպավորություն կա, որ Ադրբեջանը միտումնավոր չի համաձայնում մարդասիրական հրադադարի պահպանմանը, որովհետև ունի բազմաթիվ զոհեր և չի ցանկանում, որպեսզի դիակները հասցվեն իրենց ընտանիքներին, քանի որ դա կարող է մեծ ռեզոնանս առաջացնել ադրբեջանական հասարակությունում»,- ասաց ԱՀ ՄԻՊ-ը: