830 դիտում, 2020.10.24 02:11

ԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. Մնացականյան

ԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. Մնացականյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 90 հազար արցախցի է տեղահանվել, կորցրել իր տունը, ունեցվածքը: Այս մասին Մնացականյանն ասել է Atlantic Council-ում քննարկման ընթացքում:

«Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: Դա կատարվում է ամեն օր, պարբերաբար, սա այն է, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, այն է, ինչ կատարվում է ԼՂ ժողովրդի հետ»,- ասել է Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ, դպրոցներ: ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ այս ամենը պետք է կանգնեցվի:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: