600 դիտում, 2020.10.24 01:56

Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները

Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը արդյունավետ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ունեցած հանդիպումները: Այս մասին Մնացականյանն ասել է Atlantic Council-ում քննարկման ընթացքում:

«Մենք այստեղ ենք աշխատելու ԱՄՆ մեր գործընկերների հետ: Մենք ունեցել ենք շատ արդյունավետ հանդիպումներ առավոտյան: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ հասնելու շատ կոնկրետ ու կարևոր նպատակների՝ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման, վերադարձի խաղաղ լուծմանը»,- ասել է Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահող երկրների նախագահների ու արտաքին  գործերի նախարարների մակարդակով շատ մեծ աշխատանք է տարվել:

«Երկրների նախագահների մակարդակով հնչել են կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարություններ, որոնք վերահաստատվել են նաև ԱԳ նախարարների կողմից: Հոկտեմբերի 10-ին մենք շատ երկար խորհրդակցություններ ունեցանք ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ, հումանիտար զինադադարի հաստատման պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որը չհարգվեց Ադրբեջանի կողմից, այնուհետև նույնպիսի պայմանավորվածություն եղավ հոկտեմբերի 17-ին, որը դարձյալ չպահպանեց Ադրբեջանը»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ այժմ հայկական կողմը պայքարում է երեք հակառակորդի դեմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների, որոնք սեպտեմբերի 27-ից պատերազմ են սկսել Արցախի դեմ:

Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: