1436 դիտում, 2020.10.23 20:17

Երկուստեք վերահաստատվել է ԼՂ-ի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման

Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմեոյին:

Քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ:  

Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունն է հայտնել զոհերի կապակցությամբ:     

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է նաև, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:

Նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը: 

Երկուստեք վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: