1374 դիտում, 2020.10.23 18:26

Թուրքիայի նախագահը նորից բողոքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից

Թուրքիայի նախագահը նորից բողոքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան ու Մոսկվան ղարաբաղյան խնդրում ունեն նույն իրավունքները: Էրդողանը նշել է, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բողոքել, թե եռանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, մինչ օրս արդյունքի չեն հասել:

«Ադրբեջանն իրավացի պահանջ է դնում՝ ասելով՝ եթե Հայաստանը Ռուսաստանին է առաջարկում բանակցություններին մասնակցելու համար, ուրեմն մենք էլ Թուրքիային ենք առաջ քաշում: Թուրքիան պետք է ներգրավվի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում»,- ասել է Էրդողանը՝ մոռանալով, որ այդ բանակցություններին Ռուսաստանը հենց համանախագահ երկրի կարգավիճակով է մասնակցում:

Թուրքիայի նախագահը պնդել է նաեւ, թե այս հարցով Ռուսաստանից բացասական կարծիք չի հնչել:

Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին, հայտարարել էր, որ Մինսկի խմբի ձեւաչափին այլընտրանք չկա: Նաեւ թե՛ Լավրովը, թե՛ Պուտինը ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ համաձայն չեն: