կարևոր
1107 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-23 15:20

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներգրավման հավանականությունը: Ինչպես  տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն այս առնչությամբ նշել է, որ առայժմ հակամարտությունն ընթանում է ԼՂ տարածքում և չի տեղափոխվել բուն Հայաստանի տարածք, ուստի՝ ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է համարում:

«Հակամարտությունը չի տեղափոխվել տարածք, Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացվել: ՀԱՊԿ-ն իր անդամ պետություններին օգնում է որոշակի իրավիճակներում, երբ կա ակնհայտ ագրեսիա: Առայժմ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից ճանաչված չէ որպես իրենց տարածքի մի մաս և միգուցե չճանաչվի: ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է»,- ասել է փոխարտգործնախարարը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի ՀՀ-ի հանդեպ: Հիմա դեռ վաղ է Ադրբեջանի որոշ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ որպես ագրեսիա գնահատելու համար: «Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա, այո, կդիմենք: Նախ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին: Այդ բոլորը կանոնակարգված է»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ այս պարագայում դեռևս դրա մասին խոսելը վաղ է: