28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
«Սիրելի’ հայրենակիցներ, կուսակից ընկերներ, հարգելի՛ գործընկերներ.
Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար»,-այս մասին գրառում է կատարել ԲԿՀ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը:
Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Ամեն կորցրած վայրկյանի համար մենք չափազանց թանկ գին ենք վճարում: Ես անասելի ցավ եմ ապրում յուրաքանչյուր զինվորի ու կամավորականի թափած արյան ամեն մի կաթիլի համար: Ցավակցություններս ու խոնարհումս մարտի դաշտում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր հայորդիների ընտանիքներին ու հարազատներին: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:
Թեպետ պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել և այս պահին էլ առաջնագծում են, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին:
Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել: Մենք կորցնելու և որևէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում և դա անբեկանելի ճշմարտություն է:
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայ զինվորին և հայոց անպարտ բանակին…
Հ.Գ Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին գործընթացը կազմակերպելու համար»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։