302 դիտում, 2020.10.22 22:13

Քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին. Փաշինյան

Քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվա իր հայտարարությանը, համաձայն որի՝ գոնե այս փուլում Ղարաբաղյան հարցը չունի դիվանագիտական լուծում: «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում վարչապետը նշել է, որ արդեն նվազագույնը երկու անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը տապալվել է:

«Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում է հայկական կողմին, որ այդ մենք ենք խախտել պայմանավորվածությունը: Բայց մենք գիտենք, թե որն է ճշմարտությունը: Դիվանագիտական լուծում նշանակում է փոխզիջում: Եվ խնդիրը նրանում է, որ ընդհանրապես բանակցային ամբողջ գործընթացի և մասնավորապես՝ բանակցային գործընթացի վերջին տարիների պատմությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանը հայտարարում է կամ ասում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ պահն ընդունելի է նաև Ադրբեջանի համար, բայց այն պահին, երբ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը պատրաստ է ինչ-որ փոխզիջման, իր համար այդ փոխզիջումը դառնում է անընդունելի: Այսինքն՝ ամեն անգամ այն պահին, երբ Հայաստանը փոխզիջման պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանն ավելին է պահանջում: Եվ սա շարունակվում է արդեն 9 տարի կամ նույնիսկ՝ ավելի երկար ժամանակ:  Ահա սա ես նկատի ունեմ՝ ասելով, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին: Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է: Դա դիվանագիտական աշխատանք է, և ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը»,- ասել է վարչապետը:

Հարցին՝ տվյալ փուլում կարո՞ղ ենք հավաստել, որ դիվանագիտական աշխատանքը շարունակվում է և կշարունակվի, Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան է տվել: «Մենք արագ որոշակի լուծումների հանգելու կարիք ունենք: Բայց այս ժամանակամիջոցում, հատկապես՝ երկու տապալված պայմանավորվածություններից հետո՝ ես նկատի ունեմ Մոսկվայի պայմանավորվածությունը և դրանից հետո Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ պայմանավորվածությունը, երբ թվում էր, թե ամեն ինչ համաձայնեցված է, ես ուղղակի ռեալ չեմ համարում շուտափույթ դիվանագիտական լուծումը: Բայց դա չի նշանակում, որ ես դա չեմ ուզում, որ ես պատրաստ չեմ դրա համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը: Դա պարզապես Ադրբեջանի դիրքորոշմանն իմ օբյեկտիվ գնահատականն է: Ի դեպ, դա այնքան էլ Ադրբեջանի դիրքորոշումը չէ, ես կարծում եմ, որ դա ավելի շուտ, Թուրքիայի դիրքորոշումն է, որն արտացոլվում է Ադրբեջանի դիրքորոշմամբ»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: