390 դիտում, 2020.10.22 18:09

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը բավարարեց։ ԲՀԿ ղեկավարն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորված էր սեպտեմբերի 25-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: