472 դիտում, 2020.10.22 15:18

«ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին»․ ԱՀԿ

«ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին»․ ԱՀԿ

Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի՝ հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ։

«Սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղում սկսված բռնության հետևանքով տեղահանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և շատերը մահացել են։ Մենք խորապես ցավակցում ենք հակամարտությունից տուժած շրջանի յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր բնակչի։ Ռազմական գործողություններն արդեն իրենց ազդեցությունն են ունենում COVID-19-ի տարածման կտրուկ աճի վրա։ Բռնության շարունակվող ցիկլերը և դրան հաջորդած տեղաշարժերը էլ ավելի կխորացնեն առողջապահության ոլորտում առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։

Հանս Կլյուգեն ընդգծել է, որ ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու խափանումների, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգերի վրա:

«ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին պաշտպանել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունները, որոնք օգնություն են ցուցաբերում հիվանդներին և վիրավորներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է առողջապահական աշխատողներին պաշտպանել բռնությունից, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարը այս համաճարակի դեմ։ Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր է առողջապահական ծառայությունների հասանելիության պահպանման համար, որը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է»,- հավելել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: