կարևոր
2080 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-22 12:34

«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան մոտ

«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան մոտ

Երևանում ժամանակավորապես ապրող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց և հանդիպում պահանջում դեսպան Լին Թրեյսիի հետ:

Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային:

Արցախցի կանանց ձեռքում պաստառներ են, որոնց վրա տարբեր գրառումներ են, ինչպես օրինակ. «Մենք պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամը սպանում մեզ» և այլն:

Ակցիայի մասնակիցներից Իրինա Սաֆարյանը նշեց, որ իրենք դեսպանատան մոտ են եկել՝ պահանջելու արդարություն:

«Մենք պահանջում ենք, որպեսզի վերջ դրվի այն ահաբեկչությանը, որն այսօր տեղի է ունենում Արցախում: Եկել ենք ԱՄՆ-ից պահանջելու, որպեսզի այն որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ սանկցիաներ կիրառի Թուրքիայի դեմ և վերջ դնի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը Թուրքիայի միջամտությանը, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ միջամտի այս կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, և, վերջապես, խաղաղություն հաստատվի մեր երկրում: Մենք եկել ենք այստեղ և պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ դեսպանը ներկայանա ու լսի մեր խոսքը»,- ասաց Սաֆարյանը:

Կանայք նաև վանկարկում էին. «Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի՛ եղեք», «Մի լռեք», «Կանգնեցրեք Էրդողանին», «Ճանաչե՛ք Արցախը» և այլն:

Մեկ այլ մասնակից՝ Լիանա Ադամյանը շեշտեց, որ բազմաթիվ կանայք լքել են իրենց բնակավայրերը՝ առաջնագծում թողնելով իրենց ամուսիններին, որդիներին, եղբայրներին:

«Մենք եկել ենք ԱՄՆ դեսպանատուն և չենք լռելու ու հենց այնպես չենք հեռանալու, մենք պահանջ ունենք: Համավարակի պայմաններից ելնելով քիչ մարդ է հավաքվել, քանի որ բազմաթիվ կանայք ունեն փոքր երեխաներ: Նվազագույն դեպքում դեսպանատան ներկայացուցիչը պետք է դուրս գա և վերցնի մեր պահանջը, այլապես չենք հեռանալու այստեղից: Մենք հանդիպում ենք պահանջում, քանի որ արդեն անհնար է լռել»,- ասաց Ադամյանը և հավելեց, որ անհնար է հանդուրժել այն փաստը, որ միջազգայնորեն արգելված զենքերից հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը, և աշխարհը լռում է:

Ակցիայի սկսելուց որոշ ժամանակ անց արցախցի կանանցից 3-ին հրավիրեցին դեսպանատուն՝ հանձնելու նամակը, որտեղ գրված են բոլոր պահանջները: