կարևոր
1158 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-22 00:59

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որպեսզի վերջինս մերժի Թուրքիայի ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ վերջինս Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին: Այս մասին ասված է հանձնախմբի Ֆեյսբուքյան էջում:

«Թուրքիան, արձագանքելով հոկտեմբերի 5-ի Կանադայի որոշմանը, որով այդ երկիրը կասեցրեց Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում Անկարայի՝ Ադրբեջանին օգնելու պահանջով, փորձում է շրջանցել այդ արգելքը և Bayraktar TB2-ների պատրաստման համար արագացված կարգով այդ սարքավորումները ստանալ ԱՄՆ-ից: Թուրքիայի դիմումները պետք է մերժվեն, քանի դեռ այդ երկիրը զինում է կամ այլ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին»,- ասված է հայտարարությունում:

Հանձնախումբը նաև նշում է, որ Պետական դեպարտամենտը պետք է հետևողականորեն հետաքննի ԱՄՆ-ի օրենսդրության խախտումները, որոնք կապված են երրորդ կողմին ամերիկյան արտադրության զինատեսակներ կամ ռազմական սարքավորումներ տրամադրելու հետ:

Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նախօրեին Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչուն թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ էր: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից հոկտեմբերի 19-ին խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: