կարևոր
2521 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-22 00:38

Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ. Աննա Նաղդալյան

Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը:

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Կոչ ենք անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից: