384 դիտում, 2020.10.21 21:50

ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է. Ոստիկանություն

ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է. Ոստիկանություն

ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետևապես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգությանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող  հրապարակումներն արգելվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն, իսկ  հոկտեմբերի 8-ին Կառավարության որոշմամբ որոշակի խստացումներ են կատարվել՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ՝ արգելելով  քննադատությունը։ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»,- նշվում է կառավարության որոշման մեջ:

Կանոնների խախտելու  համար նախատեսվել են վարչական ու քրեական ներգործության միջոցներ, իսկ պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը։ «Փաստինֆո»-ն հոկտեմբերի 13-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու, թե արդյո՞ք կան սահմանված չափորոշիչներ, թե ինչ ասել է «ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններ», ինչն է համարվում քննադատություն, արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումներ, հրապարակումներ»։

Հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններին հավաքական իմաստով կարող ենք ծանոթանալ ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածում, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ գլուխներով նախատեսված իրավակարգավորումներում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020թ սեպտեմբերի 27-ի 1586-Ն որոշմամբ սահմանված դրույթներում։ Ինչ վերաբերում է «քննադատություն», «արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումներ» կամ «հրապարակումներ» հասկացությունների չափանիշներին, ապա ոստիկանությունից հայտնել են. «գտնում ենք, որ իրավակիրառողի կողմից դրանց էությունը լուսաբանելիս ելակետային պետք է լինեն իրավունքի մեկնաբանման ձևերը (տրամաբանական, նպատակային, լատեռալ, համակարգային)»։

Նշենք, որ ռազմական դրության պայմաններում տարբեր պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում հայտարարություններ, գրառումներ են կատարում, որոնք երբեմն կարող են նաև հակասել միմյանց։ Հիշենք՝ օդային տագնապի վերաբերյալ տեղեկատվությունը՝  ԱԻՆ-ը հայտարարեց է, որ տագնապ է եղել Կապանում,  ՊՆ-ն հայտնեց, որ Սյունիքում հակառակորդի ԱԹՍ է խոցվել, իսկ նախարարություններից մեկի  հանրային կապերի պատասխանատուն ֆեյսբուքում գրառում կատարեց, թե օդային տագնապը եղել է ուսումնական։

 Ուստիեւ «Փաստինֆո»-ն  խնդրել էր ոստիկանությանը պարզաբանել ֆեյսբուքյան գրառումները, մեկնաբանությունները համարվո՞ւմ են պաշտոնական ելույթ, հայտարարություն, թե ոչ։ ««Սոցիալական ցանցում(այդ թվում՝ ֆեյսբուք, թվիթեր) կատարվող գրառումները նույնպես համարվում են ելույթներ, հրապարակումներ, այդ թվում նաև այն գրառումները, որոնք  կատարվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անունից կամ պաշտոնատար անձանց կողմից»։

Մեկ այլ հարցով «Փաստինֆո»-ն խնդրել էր հստակեցնել  պաշտոնատար անձանց ցանկը՝ գրավոր հարցմամբ հետաքրքրվելով. «Ովքե՞ր են համարվում պաշտոնատար անձինք»։ Բացի այդ նկատի ունենալով, որ օրինակ ԱԺ-ում ներկայացված են տարբեր խմբակցությունների պատգամավորներ, այդ թվում ընդդիմադիր, ուստի խնդրել էինք ոստիկանությանը պատասխանել, թե արդյոք ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա է տարածվում թիվ 1655-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումը։ Այն է՝ արդյոք արգելվա՞ծ է քննադատել ԱԺ բոլոր պատգամավորների ելույթները, մեկնաբանությունները։

ՀՀ ոստիկանությունը չի հստակեցրել պաշտոնատար անձանց ցուցակը, սակայն ընդգծել է, որ ԱԺ պատգամավորներից ոչ մեկի ելույթը քննադատել չի կարելի։ «ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետևապես՝ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի 1586-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածի 9.1-ին կետի իմաստով՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգությանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումները նույնպես  արգելվում է»,- նշված է ոստիկանության պատասխանի մեջ։