կարևոր
1361 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-21 18:08

ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ԱԺ պատգամավորները ԵԽ գործընկերներին են ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ՀՀ Ազգային Ժողովի ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, կոմիտեի անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արկադի Խաչատրյանը և Իվետա Տոնոյանը հոկտեմբերի 21-ին տեսակապով զրուցել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։

«Հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց եվրոպական գործընկերներին ներկայացրին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունն ու դրանից դուրս գալու ելքերը, մասնավորապես, որպես այդպիսին նշելով Արցախի սուբյեկտայնության ճանաչումը։

Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը»,- նշված է հաղորդագրության մեջ։